Ինկոտերմս

EXW - EX WORKS

«Գործարանից» տերմինը նշանակում է, որ Վաճառողի պարտավորությունները համարվում են ավարտված, երբ նա ապրանքը տրամադրում է Գնորդին իր ձեռնարկությունում կամ այլ նշված վայրում/օրինակ. գործարանում, ֆաբրիկայում, պահեստում և այլն/: Վաճառողը պատասխանատու չէ ապրանքը տրանսպորտային միջոցի վրա բարձելու և ապրանքի արտահանման մաքսազերծման համար:

Այսպիսով, նշված տերմինը Վաճառողի պարտականությունները հասցնում է նվազագույնի, իսկ գնորդը պետք է հոգա Վաճառողի ձեռնարկությունից մինչև նշանավայրը ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը:

Սակայն Վաճառողի և Գնորդի միջև եղած նախնական պայմանավորվածության համաձայն /պայմանագրին կից հավելվածի տեսքով/ ապրանքի բարձման ծախսերը կարող է կատարել Վաճառողը:

Այս տերմինը չի կիրառվում, երբ Գնորդը ի վիճակի չէ ուղղակի կամ անուղղակի կերպով կատարել արտահանման համար մաքսային ձևակերպումները: Տվյալ պարագայում գործում է FCA պայմանը:

FCA - FREE CARRIER

«Մինչև բեռնափոխադրողի մոտ» տերմինը նշանակում է, որ Վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև Գնորդի նշած վայրը՝ նրա Բեռնափոխադրողին: Եթե ապրանքը տրամադրվում է Վաճառողի տարածքում, ապա Վաճառողը պատասխանատու է ապրանքի բարձման համար: Եթե ապրանքը տրամադրվում է մեկ այլ վայրում, ապա Վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բարձման համար:

Նշված տերմինը կիրառվում է տրանսպորտային տարբեր միջոցներով բեռնափոխադրումների ժամանակ, ներառյալ խառը: «Բերնափոխադրող» կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով, կամ էլ խառը փոխադրումով:

Եթե Գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում Բեռնափոխոդրող, ապա Վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից:

FAS - FREE ALONGSIDE SHIP

«Մինչև նավի կողքը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը ավարտել է իր պարտավորությունը ապրանքը նշված նավահանգստում նավամատույցում կամ լիխտերի վրա նավակողի երկայնքով դնելու պահից: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը իր վրա է վերցնում Գնորդը: FAS-ի պայմանով Վաճառողը պարտավոր է իրականացնել ապրանքի արտասահման համար մաքսազերծումը:

FAS-ը գործում է միայն ծովային և ներքին ջրային ճանապարհով փոխադրումների ժամանակ:

FOB - FREE ON BOARD

«Մինչև նավի վրա» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը, երբ ապրանքը դրվել է նավի վրա նշված նավահանգստում: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած Գնորդն իր վրա է վերցնում ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը: FOB-ի պայմանով ապրանքի արտահանման համար մաքսազերծման պարտավորությունը դրվում է Վաճառողի վրա:

Տվյալ տերմինը գործում է ծովային և ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, ապա պետք է գործել FCA պայմանով:

CFR - COST AND FREIGHT

«Արժեքն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստը փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդի:

CFR պայմանով՝ ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը դրվում են Վաճառողի վրա:

Տվյալ տերմինը կիրառվում է ապրանքի ծովային ու ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, ապա այդ դեպքում կիրառվում է CPT տերմինը:

CIF - COST, INSURANCE AND FREIGHT

«Արժեքը, ապահովագրումն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը ապրանքը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստ փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդին:

CIF պայմանով՝ Վաճառողի վրա է դրվում ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը:

Տվյալ տերմինը կիրառվում է ապրանքի ծովային և ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, այդ դեպքում կիրառվում է CIP տերմինը:

CPT - CARRIAGE PAID TO

«Փոխադրումը վճարած մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքի կորստի և փչացման ռիսկերը, ինչպես նաև ապրանքը Բեռնափոխադրողին հանձնելուց հետո առաջացած այլ ծախսեր:

«Բեռնափոխադրող» կարող է կոչվել յուրաքանչյուր անձ, ով համաձայն բեռնափոխադրման պայմանագրի իր վրա է վերցնում երկաթգծով, ավտոմեքենայով, օդային ծովային և ներքին ջրային կամ էլ խառը բեռափոխադրման և վերջինս կազմակերպման պարտավորությունները:

CPT պայմանով Վաճառողի վրա է դրվում ապրանքի արտահանման համար մաքսազերծման պարտավորությունը:

Տվյալ տերմինը կիրառվում է բեռնափոխադրման տրանսպորտային ցանկացած տեսակի դեպքում, տերառյալ խառը:

CIP - CARRIAGE AND INSURANCE PAID TO

«Փոխադրումը և ապահովագրումը վճարած է մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը: Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքը նման պայմանով տեղ հասցնելու ռիսկերը կամ լրացուցիչ այլ ծախսերը: CIP պայմանով՝ Վաճառողի վրա է դրվում նաև բեռնափոխադրման ընթացքում ապրանքի փչացման, կորստի ռիսկերից ապահովագրման պարտավորությունը՝ հօգուտ Գնորդի:

«Բեռնափոխադրող» կարող է կոչվել յուրաքանչյուր անձ, ով համաձայն բեռնափոխադրման պայմանագրի իր վրա է վերցնում երկաթգծով, ավտոմեքենայով, օդային, ծովային և ներքին ջրային, ինչպես նաև խառը բեռնափոխադրման կամ էլ վերջինս կազմակերպման պարտավորությունը:

Տվյալ տերմինը կիրառվում է բեռնափոխադրման տրանսպորտային ցանկացած տեսակի դեպքում, ներառյալ խառը:

DAF - DELIVERED AT FRONTIER

«Հասցրած մինչև սահման» տերմինը նշանակում է, որ Վաճառողը առաքումը կատարել է, երբ նա արտահանման համար մաքսազերծած չբեռնաթափված ապրանքը հասցրել ու հանձնել է Գնորդին, սահմանի վրա՝ նախապես պայմանավորված վայրում, դեռևս չհատած ներմուծող երկրի մաքսակետը:

«Սահման» տերմինի տակ պետք է հասկանալ ցանկացած սահման, ներառյալ արտահանող երկրի սահմանը: Հետևաբար, շատ կարևոր հանգամանք է սահմանի նշումը՝ որոշակի մաքսակետի կամ վայրի ցուցումով:

Տվյալ տերմինը կարելի է կիրառել բեռնափոխադրման ցանկացած տրանսպորտային միջոցի դեպքում, երբ ապրանքը առաքվում է մինչև ցամաքային սահմանը:

Եթե առաքումը կատարվում է մինչև նշված նավահանգիստ, նավի վրա, կամ նավամատույցին, ապա այս դեպքում գործում են DES կամ DEQ տերմինները:

DES - DELIVERED EX SHIP

«Տեղ հասցրած՝ նավի վրա» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը, երբ նա ներմուծման համար չմաքսազերծած ապրանքը տրամադրում է Գնորդին՝ նավի վրա նշված նավահանգստում: Վաճառողն իր վրա է վերցնում ապրանքը՝ նշված նավահանգիստ հասցնելու բոլոր ծախսերն ու ռիսկերը, մինչև ապրանքի բեռնաթափման պահը: Եթե կողմերը ցանկանում են, որ Վաճառողն իր վրա վերցնի ապրանքի բեռնաթափման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, այս դեպքում կիրառվում է DEQ տերմինը: Տվյալ տերմինը կիրառվում է միայն ծովային և ներքին ջրային տրանսպորտով կամ էլ խառը բեռնափոխադրումների դեպքում, երբ ապրանքը ժամանում է նշված նավահանգիստ՝ նավի վրա:

DEQ - DELIVERED EX QUAY

«Տեղ հասցրած՝ նավամատույցին» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքման հետ կապված իր պարտավորությունները, երբ ներմուծման համար չմաքսազերծած ապրանքը տրամադրում է Գնորդին նշված նավահանգստում՝ նավամատույցի վրա: Վաճառողն իր վրա է վերցնում փոխադրման և ապրանքը նավամատույցում բեռնաթափման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը: DEQ տերմինը Գնորդին պարտավորեցնում է ապրանքի ներմուծման համար մաքսազերծման, ինչպես նաև հարկերի, տուրքերի և այլ ծախսերը վճարումները:

Տվյալ տերմինը կիրառվում է միայն ծովային և ներքին ջրային տրանսպորտով կամ էլ խառը բեռնափոխադրումների դեպքում, երբ ապրանքը բեռնաթափվում է նավից նավամատույցին՝ նշանակետ նավահանգստում:

Սակայն, եթե կողմերը ցանկանում են Վաճառողի պարտավորություններին ավելացնել ապրանքը նավահանգստից մեկ այլ վայր /պահեստ, տերմինալ և այլն/ տեղափոխելու ծախսերն ու ռիսկերը, ապա կիրառվում են DDU և DDP տերմինները:

DDU - DELIVERED DUTY UNPAID

«Տեղ հասցրած, մաքսը չվճարած» տերմինը նշանակում է, որ Վաճառողը նշանավայրում տրամադրում է Գնորդին ներմուծման համար չմաքսազերծած ու տրանսպորտային միջոցից չբեռնաթափված ապրանքը:

Վաճառողն իր վրա է վերցնում ապրանքը՝ մինչև նշված վայրը փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, բացառությամբ /անհրաժեշտության դեպքում/ բոլոր տեսակի տուրքերի՝ ներմուծող երկրում: «Տուրք» բառի տակ այստեղ պետք է հասկանալ մաքսազերծումն իրականացնելու պարտավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև մաքսային ձևակերպումների, մաքսատուրքերի, հարկերի և այլ գանձումների վճարումները: Վերը նշվածը, ինչպես նաև ապրանքի ներմուծման համար ժամանակին չկատարած մաքսազերծման և դրանից բխող այլ ծախսերի վճարման պարտավորությունները Գնորդը պետք է վերցնի իր վրա:

Տվյալ տերմինը կիրառվում է անկախ տրանսպորտային տեսակից, սակայն եթե առաքումն իրականացվում է մինչև նավահանգիստ նավի վրա կամ նավամատույցում, այս դեպքում պետք է կիրառել DES կամ DEQ:

DDP - DELIVERED DUTY PAID

«Տեղ հասցրած, մաքսը վճարած» տերմինը նշանակում է, որ Վաճառողը նշանավայրում Գնորդին տրամադրում է ներմուծման համար մաքսազերծած և տրանսպորտային միջոցից չբեռնաթափված ապրանքը:

Վաճառողը պարտավոր է իր վրա վերցնել ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ ներմուծող երկրի տուրքերի /որտեղ դա պահանջվում է/: «Տուրք» բառը այստեղ նշանակում է մաքսազերծումն իրականացնելու պարտավորությունները և ռիսկերը, ինչպես նաև մաքսային ձևակերպումների, տուրքերի, հարկերի և այլ գանձումների վճարումները:

Այն դեպքում, երբ EXW պայմանը Վաճառողի վրա է դնում նվազագույն պարտավորություններ, DDP պայմանը Վաճառողի վրա է դնում առավելագույն պարտավորություններ: Տվյալ տերմինը չի կիրառվում, եթե վաճառողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող ապահովել ապրանքի ներմուծման արտոնագիր:

Եթե կողմերը ցանկանում են, որ Գնորդն իր վրա վերցնի ապրանքի ներմուծման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, այս դեպքում կիրառվում է DDU տերմինը:

Տվյալ տերմինը կիրառվում է անկախ տրանսպորտային միջոցից: Սակայն, երբ առաքումն իրականացվում է նշված նավահանգստում մինչև նավի վրա կամ նավամատույցին՝ կիրառվում են DES կամ DEQ տերմինները:

Հաճախորդներ
Հավաստագրեր և մրցանակներ